Քաղաքացիություն

 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ արտերկրում Հայաստանի  Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկ  ՀՀ  քաղաքացիություն ստանալու համար:

 

Ազգությամբ հայերը կարող են դիմել ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով։ Այս դեպքում դիմողը անձամբ պետք է ներկայացնի.

 

- դիմում` ուղղված ՀՀ Նախագահին

-հարցաթերթիկ

- անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստան Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/

- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար

- ծննդյան վկայականը և դրա պատճենը

- ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ

- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը

 

Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված  փաստաթղթերը պետք է հաստատված լինեն ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։

Հայ առաքելական եկեղեցու կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը պետք է  հաստատված լինի օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։

Այլ հիմքով ՀՀ քաղաքացիության ձեռք բերման կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքին» և դրա կիրառումն ապահովող ՀՀ կառավարության որոշումներին, ինչպես նաև դիմել ՀՀ դեսպանություն։

Օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ։

 

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների մինչև 18 տարեկան երեխաները ՀՀ քաղաքացիներ են համարվում այն պահից, երբ դիմում են ստանալու ՀՀ քաղաքացիության անձնագիր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պատադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո առաջին անգամ  անձնագիր  ստանալու  համար քաղաքացին անձամբ  պետք է ներկայանա ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Երևան,Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, հեռախոս` +37410 370264։

Այլ երկրի քաղաքացիություն ստանալը կամ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարվելը ինքնըստինքյան չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար  խնդրում ենք դիմել  դեսպանություն։  

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու եւ երկքաղաքացիության հետ կապված որոշ հարցերի պարզաբանում
 

 

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր