Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք

ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից: Տեղեկանքում զետեղվող` անձի վերաբերյալ տվյալները ստուգվում են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:

Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում.

Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքի Ամիրյան փողոցի կողմում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում: Քանի որ նշված տեղեկանքը պարունակում է անձնական տեղեկություններ, դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

  1. Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
  2. Անձնագիր (բնօրինակ և պատճեն): Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա՝ լիազորված անձի անձնագիրը, լիազորագիրը և տվյալ անձի անձնագրի պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
  3. Պետական տուրքի վճարման անդորրագիր: Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005163515:

ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ

  1. Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
  2. Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,
  3. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետության իշխանություններին ներկայացնելու դեպքում տեղեկանքը հաստատվում է ապոստիլով: APOSTILLE-ի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
  4. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը տրամադրում է նաև օտարերկրյա պետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի երաշխավորում տեղեկանքների ստացումը կարճ ժամկետներում (ծառայության ժամկետ սահմանել հնարավոր չէ): Որոշ պետություններից նման տեղեկանքներ ստանալն անհնար է:

Տեղեկանքի տրամադրումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում.

Տեղեկանք ստանալու համար հարկավոր է անձամբ (կամ լիազորված անձի միջոցով) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  1. Սահմանված ձևի դիմում (տրամադրվում է տեղում),
  2. Անձնագիր: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա՝ լիազորված անձի անձնագիրը, լիազորագիրը եւ տվյալ անձի անձնագրի պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
  3. Պետական տուրքի վճարման անդորրագիր.
  4. Պետական տուրքի դրույքաչափը 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ է.
  5. Մեկ գունավոր լուսանկար՝ 35x45 մմ չափսի (տեղեկանքը լուսանկարով ստանալու ցանկության դեպքում):

ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ

  1. Տեղեկանքը տրամադրվում է հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
  2. Ծառայությունը մատուցվում է 8 աշխատանքային օրվա ընթացքում

Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք ուղարկել նամակ visa.division@mfa.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել (+374 60) 620-508, 620-544 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-18:00-ն:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր