Լուրեր

Դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Քենթերբերիում հայկական խաչքարի օծման արարողությանը

02.03.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Քենթերբերիում հայկական խաչքարի օծման արարողությանը

Դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Քենթերբերիում հայկական խաչքարի օծման արարողությանը

 

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում, տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվեց Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական և մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորեց Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծեց, որ խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արման Կիրակոսյանը երախտագիտությամբ հիշատակեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Առաջին հանրապետությանը: Ըստ դեսպան Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ բացեց ապագա բռնապետերի և մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները: «Այս առումով «Այլևս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին և մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանց համընդհանուր կոտորածները»,- նշեց դեսպանը: Նա ընդգծեց Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:

Միջոցառման մասնակիցները նաև հարգանքի տուրք մատուցեցին Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին:

Տեղեկանք. Ջոն Միրդոնի և Վարդան Մոսկոֆյանի կողմից պատրաստված և Քենթերբերիի տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն առաջին հայկական խաչքարն է Անգլիայի տարածքում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր