Լուրեր

Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում Դուբլինում

11.06.2019

Կից լուսանկարներ

Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում Դուբլինում

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 11-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Լոնդոնում ՀՀ դեսպանության դիվանագետ Արամ Արարատյանը:

Միջոցառումը կազմակերպվեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի կողմից՝ Իռլանդիայի Եվրոպական շարժման հետ համագործակցությամբ եւ Եվրամիության խորհուրդում Ռումինիայի նախագահության հովանու ներքո:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթին (Helen McEntee), ով ընդգծեց, որ Իռլանդիան շարունակելու է ակտիվ աջակցել ԱլԳ ծրագրին, որը 10 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ է արձանագրել, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացմանը ինչպես ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ, այնպես էլ նախաձեռնության 6 երկրների միջեւ: Տեսանելի հաջողությունների շարքում պետնախարարը մասնավորապես նշեց Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը եւ Հայաստանի հետ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ վերջինիս վերաբերյալ հույս հայտնելով, որ Իռլանդիան կվավերացնի այն մինչեւ տարեվերջ:

Իր ելույթում եւ այնուհետեւ՝ գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքում, ՀՀ ներկայացուցիչը ընգծեց, որ ԱլԳ-ն մեծ դերակատարություն է ունեցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման եւ ընդլայման գործում՝ օժանդակելով մեր երկրի կայուն զարգացմանը: Նկատելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, դեսպանության ներկայացուցիչը նշեց, որ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք նաեւ ընկած են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքում: Հայաստանի ներկայացուցիչը նաեւ ընդգծեց մարդկանց միջեւ շփումների եւ այդ համատեքստում մուտքի արտոնագրի տեղաշարժի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր